ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ողնաշարային, հոդային հիվանդություններն ավելացել են և երիտասարդացել»

«Ողնաշարային, հոդային հիվանդություններն ավելացել են և երիտասարդացել»
28.08.2009 | 00:00

«ՈՉ ՄԻԱՅՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ, ԱՅԼԵՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ»
ՀՀ առողջապահության նախարարության վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը հիմնվել է 1946-ին, Մեծ հայրենական պատերազմից անմիջապես հետո` հաշմանդամների, վիրավորների վերականգնողական բուժումն իրականացնելու նպատակով, և արդեն տարիներ շարունակ այստեղ զբաղվում են հենաշարժիչ համակարգի կոտրվածքների և ոսկրային տարբեր հիվանդությունների բուժմամբ: Կենտրոնն ընդհանուր մեթոդական, ուսումնական և բուժական հիմնարկ է ամբողջ հանրապետության համար: Այստեղ պարբերաբար վերապատրաստվում են վնասվածքաբան-օրթոպեդները, կենտրոնը նաև Երևանի պետական բժշկական համալսարանի և առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական բազան է: Կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ: Չորս տարին մեկ անցկացվում է վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային համագումար, որի հերթական հինգերորդ հավաքն անցկացվելու է 2010-ին: Համագումարին դասախոսություններով և զեկույցներով կմասնակցեն առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրներից: Կքննարկվեն վնասվածքաբանության և օրթոպեդիայի արդի խնդիրները, ինչպես նաև ոսկրային համակարգի տարբեր հիվանդությունների բուժման արդյունքները:
«ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»
-Մեր կենտրոնը զբաղվում է գիտահետազոտական մշակումներով և նորամուծություններով, ինչի արդյունքում առաջարկվում են բուժման նոր մեթոդներ և մոտեցումներ, ներդրվում են ժամանակակից բուժման եղանակներ: ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում, կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինար պարապմունքներ, խորհրդատվություններ և բաց դռների օրեր, որոնց ժամանակ ոչ միայն բժշկական հանրությանը ծանոթացնում ենք ժամանակակից բժշկագիտության նորություններին, այլև, համագործակցելով տարբեր բուժհիմնարկների մեր գործընկերների հետ, կազմակերպում ենք բնակչության խորհրդատվական օգնություն և տարբեր ոսկրահոդային հիվանդությունների հավաքագրում: Հետևում ենք համաշխարհային բժշկության առաջընթացին ու նորություններին: Բժշկությունն ամենօրյա ուսուցման գործընթաց է,- փաստում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն ՏԱԹԵՎԻԿ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԸ, որն այսօր «Իրավունքը de facto»-ի հյուրն է:
-Եթե համեմատենք խորհրդային տարիների և մեր ժամանակների բժշկությունը, տվյալ դեպքում` վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում. ի՞նչ նկատելի փոփոխություններ, ձեռքբերումներ կան այսօր:
-Փոփոխությունները շատ մեծ են, ու պետք է ասեմ, որ երկրաշարժը, արցախյան պատերազմը թեև մեծ արհավիրք էին մեր երկրի համար, բայց հենց դրանց պատճառով հանրապետություն ներմուծվեցին ժամանակակից մեթոդներ, և անմիջական կապ ստեղծվեց դրսի մասնագետների, բժշկական կենտրոնների հետ: Վնասվածքաբանության, օրթոպեդիայի ընդհանուր բնագավառն առաջընթաց ապրեց: Թեև մինչ այդ էլ մեր կենտրոնը համարվում էր առաջատար, համագործակցում էր համամիութենական բոլոր կենտրոնների հետ: Մեր բժիշկները վերապատրաստվում էին Մոսկվայում, Լենինգրադում, ՈՒկրաինայում: Անկախությունից հետո հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և վերապատրաստվելու նաև արտերկրներում` Բելգիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Գերմանիայում, Ավստրիայում և այլուր: Տարբեր ծրագրերի շրջանակներում լինում են նաև համայցեր, համատեղ վիրահատական գործընթացներ, որոնք շարունակական բնույթ ունեն: Մեր կենտրոնի մասնագետներն աշխատելու նպատակով գործուղվում են տարբեր միջազգային կենտրոններ:
-Բայց, հավանաբար, ինչ-որ տեղ զիջում ենք արտասահմանյան բժշկությանը։ Պատահո՞ւմ է, որ հիվանդները բուժման նպատակով ուղարկվեն արտերկիր` տեխնիկայի և այլ միջոցների բացակայության պատճառով:
-Ո՛չ, կենտրոնը բավական հագեցած է հիմա և՛ ժամանակակից տեխնիկայով, և՛ վիրահատության համար անհրաժեշտ մեթոդներով, սարքավորումներով: Այլ հարց է, որ այդ մեթոդները, սարքավորումները թանկ արժեն և իրականացվում են վճարովի համակարգով, հազվադեպ` պետպատվերի շրջանակներում:
-Կա կարծիք, թե մեր բժիշկներն ավելի բանիմաց են, իսկ արտասահմանում շեշտը դրվում է տեխնիկայի հզորության, «անսխալության» վրա:
-Դա վերաբերում է ավելի շատ խորհրդային ժամանակահատվածին: Իսկապես այդպես էր. ոչ թե ավելի բանիմաց, այլ բավական բանիմաց էին և իրենց պրոֆեսիոնալ գիտելիքներով չէին զիջում արտասահմանյան բժիշկներին: Սակայն համապատասխան սարքերի բացակայության պատճառով կիրառում էին բուժման ավելի մեղմ, կոնսերվատիվ մեթոդներ: Հիմա ոչ միայն վնասվածքաբանության և օրթոպեդիայի, այլև վիրաբուժության տարբեր բնագավառներում Հայաստանը չի զիջում արտասահմանյան լավագույն կլինիկաներին:
«ԵԹԵ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԱՐԴԻԿ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԲԺՇԿԻՆ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ, ՀԱՐԳԵԼ ԵՎ ԴԻՄԵԼ, ՑԱՎՈՔ, ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԸ ՋՆՋՎԵԼ Է»
-Ո՞ր հիվանդություններն են Ձեր բնագավառում ավելի հաճախ հանդիպում, և ինչո՞վ է պայմանավորված այդ իրողությունը:
-Ըստ մեր դիտարկումների, կարող եմ ասել, որ ավելացել են և ավելի երիտասարդացել ողնաշարային, հոդային հիվանդությունները, ավելի շատ, քան ոսկրային հյուսվածքների ուռուցքային հիվանդությունները: Մեր ժողովրդի գրեթե 70%-ն ունի հարթաթաթություն, և եթե նախկինում այն համարվում էր տղամարդկանց բնորոշ հիվանդություն, ապա հիմա կանանց 90%-ն ունի այդ խնդիրը` պայմանավորված ոչ ճիշտ կոշիկ կրելով, ոչ ճիշտ քայլվածք ունենալով: Խորհրդային տարիներին կոշիկներն արտադրվում էին` ելնելով համապատասխան բժշկական նորմերից, հաշվի առնելով տարիքը, սեռը: Հիմա նման բան չկա, և հարթաթաթությունը մեզանում դարձել է մեծ խնդիր, որը հետագայում հանգեցնում է հոդային, ողնաշարային, ոսկրային տարբեր պրոբլեմների: Նույնը վերաբերում է սխալ կեցվածքին. սխալ քայլելը, սխալ նստելը, համակարգչի առաջ երկար նստելը և սխալ աշխատելը հանգեցնում են մեծ պրոբլեմների` թե՛ ողնաշարի, թե՛ ձեռքի մետակարպալ թունելի հետ կապված (երբ բողոքում են ձեռքի ցավից, գլխացավերից և այլն):
-Ոչ ճիշտ կոշիկ կրելու հետ կապված Ձեր դիտարկումը, կարծում եմ, ընթերցողի մոտ հարց կառաջացնի` ինչպե՞ս պետք է ընտրել դրանք:
-Դրա համար առանձին կոնսուլտացիոն ժամ պետք է պատվիրել, կամ մի առանձին զրույց անցկացնել: Կենտրոնում ունենք մի մեծ բաժանմունք, որը զբաղվում է այդ հարցերով:
-Այսինքն, անհատակա՞ն մոտեցում է պետք:
-Իհարկե, գոյություն ունեն թաթի լայնք, դիրք, ի վերջո, նշանակություն ունեն նաև տարիքը, սեռը:
-Իսկ եթե առաջնորդվենք հարմարավետության զգացումո՞վ…
-Ո՛չ, հնարավոր է` Ձեզ հարմար է քայլել տափակ կոշիկով, բայց ցուցված չէ, որովհետև ծնկային և հոդային չափանիշները չեն համապատասխանում: Դրա համար մենք անցկացնում ենք համայցեր դպրոցներում, հետազոտում ենք երեխաների ոսկրային հյուսվածքները և ըստ այդմ ցուցումներ տալիս: Ցավոք, մեր ժողովրդին դա այնքան էլ ընկալելի չէ: Ենթադրենք դպրոցում հետազոտված 600 երեխաներից 400-ն ունեն որոշակի պրոբլեմեր, մենք լրացնում ենք կոնսուլտացիոն թերթիկը և ասում, որ ցանկալի կլինի ծնողի հետ դիմել մեզ` հստակեցնելու համար պահելաձևը, նրանցից երեք կամ չորս ծնող են զանգահարում կամ գալիս:
-Պատճառն անտարբերությո՞ւնն է:
-Կա՛մ անտարբերությունը, կա՛մ մտածելակերպը, անվստահությունը: Եթե խորհրդային տարիներին մարդիկ գիտեին, որ բժշկին պետք է լսել, հարգել և դիմել, ցավոք, վերջին տարիներին այդ գաղափարը ջնջվել է: Եվ ինչպես երբ առկա է ծնող-երեխա-դպրոց կապը, երեխան մեծանում և ձևավորվում է իբրև լավ մարդ, ունենում ենք լավ սերունդ, այդպես էլ առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է ամուր կապ ժողովրդի և բժշկական համակարգի միջև:
-Անվստահության գործոնի համար բժիշկները չունե՞ն իրենց մեղքի բաժինը:
-Անցած դժվարին քսանամյակում գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները կանգնեցին այս կամ այն պատճառով, և միայն կրթության ու առողջապահության համակարգն էր, որ գործում էր: Անցել ենք բարդ փուլ` բյուջեի պակասություն, ֆինանսների բացակայություն: Տարիներ շարունակ աշխատել ենք առանց աշխատավարձի, երեք տարի բժշկական ինստիտուտից ոտքով ենք աշխատանքի եկել և գնացել տուն: ՈՒ եթե հինգ րոպե անգամ որևէ մեկն ուշանում էր, մեր տնօրենն ասում էր` դուք իրավունք չունեք ուշանալու, ձեզ հիվանդներ են սպասում, միևնույն է, ոտքով եք գալիս, այնպես հաշվարկեք ժամանակը, որ չուշանաք: Եվ այդպես էր ոչ միայն մեր կենտրոնում: Կարծում եմ, եթե ժողովուրդը դա հասկանար ու գնահատեր, չէր մեղադրի բժշկին, որովհետև բժիշկն էլ է մարդ և ունի այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով իրեն դիմող հիվանդը կամ կողքի հարևանը բողոքում է:
-Ասում են, որ գրեթե բոլոր մարդիկ տառապում են օստեոխոնդրոզով, և տարիների հետ դա անխուսափելի է:
-Գոյություն ունի ռիսկի խումբ, որ պայմանավորված է տարբեր հանգամանքներով, սկսած նրանից, որ մեր հանրապետությունը գտնվում է բարձր գոտում, գեներով, սխալ սննդակարգով, ֆիզիկական ակտիվության պակասով: Տարիքի հետ մեկտեղ նմանատիպ հիվանդությունների քիչ են հակված նրանք, ովքեր շատ են քայլում, սպորտով են զբաղվում, ճիշտ են սնվում և ընդհանուր օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորված է լինում: Կարևոր է նաև, թե սեռական հասունության ժամանակ ինչպես է կազմավորվում օրգանիզմը, և հետո, արդեն քառասունն անց տարիքում, ինչ փոփոխություն է կրում, այսինքն` ինչպես է աշխատում հորմոնալ, էնդոկրին համակարգը: Բոլոր այս հանգամանքների խումբն է, որ ստեղծում է հակվածություն: Թեև վերջին ժամանակներս մարդիկ ավելի գիտակից են մոտենում իրենց առողջությանը, մեր երիտասարդները շատ ակտիվ զբաղվում են սպորտով, պարով, արշավների են գնում, ավելի ուշադիր են սննդի նկատմամբ, ես նկատի չունեմ դիետա ասվածը, որի հետևանքով խախտվում է օրգանիզմը:
Վերջերս Գյումրիում էինք, հայտարարված էր բաց դռների օր։ Մեզ դիմել էին հարս և սկեսուր, սկեսուրի ոսկրային հյուսվածքի վիճակը շատ ավելի լավ էր, քան հարսինը, որովհետև նա կազմավորվել է վերջին քսան տարիների արհավիրքների ժամանակ: Բայց եթե մարդիկ հետևեն առողջությանը, ի վերջո, մեզանում ամրանա պրոֆիլակտիկայի գաղափարը (որը, թեև, միշտ էլ եղել է), հույս ունեմ, որ ապագա սերունդներն ավելի առողջ կլինեն:
«ՄԵՐ ՊԱՊԵՐԸ, ՏԱՏԵՐԸ ԳՈՒՑԵ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՇՔԵՂ ՇՈԳԵԲԱՂՆԻՔՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԳՐԱԳԵՏ ՈՒ ԿԻՐԹ ԵՆ ԱՊՐԵԼ»
-Մենք սիրում ենք հայացք ուղղել Եվրոպային, իսկ Եվրոպայում ուշադրություն են դարձնում առողջ ապրելակերպին:
-Ինչո՞ւ օրինակ վերցնենք միայն Եվրոպայից: Մեր պապերը, տատերը գուցե չեն ունեցել շքեղ շոգեբաղնիքներ և այլ հարմարավետություններ, բայց շատ ավելի գրագետ ու կիրթ են ապրել, դրանք են` կանոնավոր և գրագետ սնվելը, առավոտ շուտ վեր կենալը, համապատասխան գործ անելը, ժամանակին ուտելը, շաբաթվա մեջ սննդակարգը փոփոխելը, տարբեր ուտելիքների կոմպոնենտներ ստանալը: Դրա համար ավելի ամուր և առողջ են եղել: Հիմա, երկար ժամանակ համակարգչի մոտ նստելուց, պառկած հեռուստացույց նայելուց և այլն, ունենում ենք տարբեր բողոքներ` գլխացավ, անհանգստություն, հոգնածություն, հաճախ ենք լսում` «անհավես եմ» արտահայտությունը: Այս ամենը մեկը մյուսի հետ զուգորդված է և մի քանի տարուց սկսում է արտահայտվել այս կամ այն պրոբլեմով` ոչ միայն ոսկրային, նաև աղեստամոքսային, սրտանոթային, տեսողական, լսողական և այլն:
-Մեզանում գրեթե վերացել է արձակուրդ ասվածը, մեկամսյա հանգիստ, ծով, ավազ, ինչն էլ, հավանաբար, իր հերթին, բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա:
-Իհարկե առողջ, ակտիվ ապրելակերպի մեջ մտնում է նաև դա: Բայց այն ժամանակ էլ ամեն մեկը չէ, որ ծով էր գնում, փոխարենը կային մարդիկ, որ գաղափար ունեին և անհրաժեշտության դեպքում ծովի աղով վաննաներ էին ընդունում: Եվ ընդհանրապես, առողջ ապրելու կանոնները բոլորին էլ հայտնի են, ասենք, պետք է խուսափել գերհոգնածությունից, քնելուց առաջ հեռուստացույց նայելուց, անկողինը պետք է հարմար և հանգիստ լինի, որպեսզի հանգիստ լինի քունը, պետք է առավոտ վաղ արթնանալ, մարմնամարզություն անել, լոգանք ընդունել, հիգիենայի կանոններին հետևել, նորմալ սնվել, չծխել, խմիչքը չչարաշահել, օրը երկու բաժակից ավելի սուրճ չխմել, բարի լինել: Բարությունը, սերը դիմացինի նկատմամբ օրգանիզմում արտադրում են դրական նյութեր, որոնք օգնում են նյութափոխանակությանը, աչքերը գեղեցիկ են լինում, դեմքը չի կնճռոտվում, հոնքերը չեն իջնում, ժպիտ են հաղորդում դիմացինին, և, բարի ազդակ ստանալով, նրա օրն էլ է ավելի թեթև լինում: Այս ամենը բոլորին է հայտնի, ուղղակի ամեն մեկն ըստ իր հուզականության, ըստ իր գիտակցության, հետաքրքրության է կյանքն անցկացնում: Այդ պատճառով համընդհանուր առողջապահության կազմավորման մեջ մեծ նշանակություն ունի, թե փոքր տարիքում ինչպես է ձևավորվում երեխան: Ծնողի դերը միայն այն չէ, որ թանկարժեք հագուստով, համակարգիչներով ապահովի երեխային, այդ ամենը կարող է նաև բացասական անդրադառնալ:
-Պատահո՞ւմ է, որ Ձեզ դիմեն առողջ մարդիկ, ասենք, ոտքերը երկարացնելու, ողնաշարն ավելի ուղիղ և ճկուն դարձնելու, այսինքն` զուտ արտաքինը գեղեցկացնելու նպատակով:
-Նման վիրահատությունների համար գոյություն ունի հատուկ կենտրոն: Հայաստանում նման հարցերով եզակի մարդիկ են դիմում, անգամ նրանք, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, որովհետև դրանք բավական թանկ արժեցող վիրահատություններ են:
-Իսկ անվճար բուժօգնություն կենտրոնում կազմակերպվո՞ւմ է:
-Կոսմետիկ վիրահատություններն անվճար չեն կարող լինել, որովհետև օգտագործում ենք սարքավորումներ, մետաղական տարբեր պարագաներ, որոնք մասնավոր ֆիրմաներինն են: Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն է իրականացվում, մեծ մասամբ անվճար ենք անցկացնում հետազոտման առաջին փուլը, ունենում ենք բաց դռների օր, այցելում ենք մարզեր, անցկացնում ենք հետազոտություններ, կազմակերպում անվճար բուժօգնություն:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ